«Քայլ դեպի տուն»․ մեկնարկել է սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ծրագրի երրորդ փուլը

Ծրագրին մասնակցում են 113 սփյուռքահայ պատանիներ 9 երկրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Սփյուռքահայ պատանիների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 3-րդ փուլն է մեկնարկել, որին մասնակցում են 113 պատանիներ 9 երկրներից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 3–րդ փուլի մասնակիցներ
Նշվում է, որ պատանիները Իռլանդիայից, Իսպանիայից, Իտալիայից, ԱՄԷ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Բելառուսից, Վրաստանից և Ռուսաստանից են:
«Ծրագիրը ներառում է հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի և պարի դասընթացներ, ճանաչողական այցեր Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ, կրթական հաստատություններ»,-ասվում է հաղորագրությունում:
Մասնակիցներն արդեն հասցրել են այցելել Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Օշական, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակ, Բյուրականի աստղադիտարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ՓիքսԱրթ, Հայաստանի ազգային պատկերասրահ, մասնակցել են նաև ՀՀ սահմանադրության օրվա քայլերթին:
Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրը մեկնարկել է հունիսին։ Առաջին փուլին մասնակցել են 60 պատանիների տարբեր երկրներից։