ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Նիդեռլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (NOS):
Ռյուտեն հրաժարականի մասին հայտարարել է այն բանից հետո, երբ կառավարական կոալիցիան երկար խորհրդակցություններից հետո չի կարողացել համաձայնության գալ ապաստան հայցողների ներհոսքը սահմանափակելու միջոցների շուրջ:
«Այսօր երեկոյան մենք, ցավոք, եկանք այն եզրակացության, որ տարաձայնություններն անհաղթահարելի են։ Այդ պատճառով ես շուտով թագավորին կներկայացնեմ իմ հրաժարականի դիմումը ողջ կառավարության անունից»,-ասել է Ռյուտեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ հուլիսի 7–ին Նիդերլանդների կառավարությունը ամփոփիչ հանդիպում է անցկացրել երկրում միգրացիոն ճգնաժամի խնդիրը լուծելու համար: Հաղորդվում էր, որ կառավարական կուսակցությունները կարողացել են պայմանավորվել աշխատանքային միգրացիայի և բարձր որակավորում ունեցող մասնագետների միգրացիայի շուրջ, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության գալ ապաստան հայցողների ներհոսքի կրճատման միջոցառումների հարցում: