Արարատ Միրզոյանը Խորվաթիայում քննարկումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարը մասնակցում է Դուբրովնիկի համաժողովի շրջանակում «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին Միրզոյանը հայտնել է թվիթերյան իր էջում։
«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում Ժոզեպ Բորելի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով»,- գրել է Միրզոյանը։
Ավելի վաղ նույն համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳՆ նախարարը հանդիպել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, որի հետ քննարկել են ընթացիկ մարտահրավերների և համագործակցության մասին հարցեր։
Տեղեկացնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովի շրջանակում «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը։