ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։ Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թթ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռևս պատրաստ չէ ստորագրման: Նա հույս էր հայտնել, որ հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախատեսված հանդիպմանը, որը տեղի կունենա Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում, կհաջողվի «առարկայական դարձնել այն դրականը», որը ձեռք է բերվել Վաշինգտոնում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների բանակցություններում:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։