ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմված Պարենի համաշխարհային գների ինդեքսը հունիսին նվազել է մինչև 122,3 կետ: Մեկ ամսում այն նվազել է 1,7 կետով, իսկ 2022 թվականի մարտի պիկի համեմատ՝ 37,4 կետով։ Մասնավորապես՝ զգալիորեն էժանացել են հացահատիկը, ձեթն ու կաթնամթերքը։
Հացահատիկի գները մեկ տարում նվազել են 24%-ով։ Մասնավորապես, հինգերորդ ամիսն անընդմեջ էժանանում է եգիպտացորենը՝ շնորհիվ Արգենտինայում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում բարձր բերքատվության։ Ինչ վերաբերում է ցորենին, ապա Ռուսաստանում այս տարի առատ բերք է նկատվում, իսկ ՌԴ իշխանությունը հունիսին նվազեցրել է ցորենի արտահանման տուրքը, ինչը մեծացրել է դրա ներհոսքը շուկա։ Լավ բերք է սպասվում նաև ԱՄՆ-ում։
Ձեթի գները մեկ տարվա ընթացքում նվազել են 45%-ով և գտնվում են ամենացածր մակարդակում 2020 թվականի նոյեմբերից ի վեր։ Թեև սոյայի յուղը թանկանում է, բայց արմավենու և արևածաղկի ձեթը զգալիորեն էժանացել է (արևածաղկի բարձր բերք է սպասվում):
Կաթնամթերքի ինդեքսը մեկ տարվա ընթացքում նվազել է 22%-ով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ շուկայում ավելացել են պանրի և կաթի ծավալները, իսկ դրանց վաճառքը նվազել է։ Միևնույն ժամանակ, կարագը թանկացել է Մերձավոր Արևելքում պահանջարկի աճի պատճառով։
Մսի գինը մեկ տարում նվազել է մոտ 6.4%-ով։ Արտադրության ծավալների նվազման պատճառով ԵՄ-ում թանկացել է խոզի միսը։ Արևելյան Ասիայում բարձր պահանջարկի պատճառով հավի մսի գներն աճել են, այն դեպքում, երբ Բրազիլիայում (աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը) թռչնագրիպի պատճառով արտադրության հետ կապված դժվարությունները պահպանվում են: Բայց մյուս կողմից, տավարի և գառան միսը էժանացել է Ավստրալիայում և Օվկիանիայում արտադրության աճի պատճառով:
Շաքարավազի գինը մնում է 29,7%-ով ավելի բարձր, քան մեկ տարի առաջ։ Մի կողմից, Բրազիլիայում սպասվում է եղեգի լավ բերք, Չինաստանում էլ շաքարի պահանջարկը նվազել է։ Բայց մյուս կողմից, գները բարձրանում են մթնոլորտային երևույթների բացասական սպասումների պատճառով, որոնք հայտնի են «Էլ Նինյո» անվանումով: Բացի այդ, բրազիլական շաքարի գներն աճում են դոլարի նկատմամբ ռեալի ամրապնդման պատճառով։