Բաքուն պետք է կատարի դատարանի որոշումը՝ առանց տեքստի կեղծ մեկնաբանությունների․ ԱԳՆ խոսնակ

Անի Բադալյանն ընդգծել է, որ դատարանի որոշումը հստակ է և չի փոխվել 2023 թվականի փետրվարի 22-ից ի վեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների։ Այս մասին Twitter–ի էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նախօրեին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրկոսյանը հայտնել էր, որ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է 2023-ի փետրվարի 22-ի իր որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու համար Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, թե ՄԱԿ-ի դատարանը մերժել է Հայաստանի հայցը Լաչինի միջանցքի անցակետի վերաբերյալ։
«Դատարանի միաձայն որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թվականի փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Բադալյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։