ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․Հայաստանը բարեխղճորեն մասնակցում է Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ դեռևս բախվում է ուժի սպառնալիքի և բուն ուժի կիրառմանը։ Այս մասին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանը, հայտնում են ԱԳՆ-ից։
«Մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, փորձում ենք լուծումներ գտնել, թեև բանակցություններն ու խաղաղությունը շատ նման են տանգոյի. վերջինիս համար հարկավոր է զուգընկեր, խաղաղություն համար ևս հարկավոր է, որ ձեր հարևանը պատրաստ լինի խաղաղություն հաստատել, տևական խաղաղություն: Միայնակ հնարավոր է պատերազմ սկսել, բայց, ցավոք, միայնակ հնարավոր չէ հասնել տևական խաղաղության»,-ասել է Միրզոյանը։
Նա ընդգծել է՝ ուժից բացի ականատես ենք Լեռնային Ղարաբաղի շրջափակման, որը կարելի է ասել ոչ թե շրջափակում է, այլ պաշարում, քանի որ բավականին երկար ժամանակ է՝ ինչ սնունդ և դեղորայք չի մատակարարվում այնտեղ։
«Մարդիկ պաշարված են։ Եվ սա խնդիր է, որը, ցավոք, մենք միայնակ չենք կարող լուծել, ունենք ձեր աջակցության կարիքը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի կամ պետք է ունենա պատասխանատվության իր սեփական բաժինը։ Կրկին, եթե մենք ուզում ենք ապրել ոչ թե քաոսի, այլ կարգուկանոնի մեջ»:
Արարատ Միրզոյանը քննարկմանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև շեշտել ԼՂ-ում էթնիկ զտման վտանգն ու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։