ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Armsat-1 արբանյակի կառավարումն այսուհետ հնարավոր է իրականացնել նաև Հայաստանից։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կառավարման կենտրոնի մասնագետներն ավարտել են վերապատրաստման առաջին փուլը իսպանական Satlantis ընկերությունում և տուն վերադարձել։ Սրան զուգահեռ, ավարտին են հասցվել կառավարման կենտրոնի կառուցումն ու կահավորումը, և այն լիովին պարտաստ է հետևելու արբանյակի թռիչքային տվյալներին և հրահանգներ ուղարկել վերջինիս։
Արբանյակի ստեղծման և շահագործման հարցերում պահպանվել են միջազգային կազմակերպությունների պահանջները, այդ թվում` Հեռահաղորդակցության միջազգային միության և ՄԱԿ–ի խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործման կոմիտեի։
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հիշեցրեց, որ Armsat-1–ն արդեն շուրջ մեկ տարի գտնվում է տիեզերական ուղեծրում, անցել է մի շարք փորձարկումներ և կատարում է տիեզերանկարահանում։ Մինչև վերջերս արբնայակի կառավարումն ամբողջությամբ իրականացվում էր Իսպանիայից (Satlantis ընկերության օգնությամբ, որտեղ և այն արտադրվել էր հայկական կողմի պատվերով)։
Այժմ բուհերի հետ միասին քննարկվում են նոր մասնագետների պատրաստման գաղափարներ` ավիատիեզերական ինժեներիայի բակալավրիատի կամ նեղ մասնագիտացված ծրագրերի ձևով։ Պողոսյանը հավելեց, որ բացի ծրագրավորողներից ու ինժեներներից, ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու նաև «տիեզերական» իրավաբանների և ֆինանսիստների, ովքեր պահանջված կլինեն աշխատաշուկայում։
Փոխնախարարը հիշեցրեց, որ առնվազն մինչև 2030 թվականը Հայաստանում գործում է ԱԱՀ–ի ազատում տիեզերական արդյունաբերության ընկերությունների համար (բնականաբար, խոսքը գնում է ոչ միայն արբանյակ արտադրող, այլև որոշակի բաղադրիչներ կամ դրանց նախագծեր ստեղծող, ինչպես նաև ծրագրային ապահովում մշակող ընկերությունների մասին)։ Այսպիսի արտոնություն արդեն ստացել է պետական «Գեոկոսմոս» ընկերությունը, որը ղեկավարելու է արբանյակի կառավարման կենտրոնը։ Բացի այդ, մի քանի լաբորատորիաներ նախագծում են փոքր արբանյակների (cubesats) մոդելներ։
Քանի որ այդ թիմերի մի մասը ուսանողական են, մյուս մասը` գիտական, նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով շահույթ չհետապնդող կազմակերպությունները կկարողանան որոշակի հավելյալ արտոնություններ ստանալ հետազոտական գործունեությամբ զբաղվելու համար։