ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանին անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր էթնիկ զտումները կանխելու համար։ Այս մասին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք նրա թվիթերյան էջից։
«Տևական խաղաղություն հաստատելու համար հարկավոր է հարևան, որը նույնպես ցանկանում է խաղաղություն հաստատել: Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց գործընթացի ընթացքում և տեղում մենք առաջվա պես բախվում ենք սպառնալիքների, ուժի իրական կիրառման, ունենք Լեռնային Ղարաբաղի շրջափակում, մեզ անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր էթնիկ զտումները կանխելու համար»,-ասել է Միրզոյանը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակչության իրավունքների և անվտանգության խնդիր կա, որը բոլորի խնդիրն է:
«Լեռնային Ղարաբաղում մարդիկ բախվում են էթնիկ զտման իրական սպառնալիքի հետ։ Եթե համաշխարհային կարգը, որի մասին մենք խոսում ենք, որի մասին երազում ենք, հիմնված է արժեքների վրա, ապա մարդկությունը հնարավորություն ունի: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք խոսում ենք մարդկային կյանքի մասին»,-նշել է նախարարը։
Անդրադառնալով համաշխարհային անկարգությունների և միջազգային օրենսդրության, միջազգային կանոնների խախտմանը՝ Միրզոյանը հիշեցրել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ սկսելու ու այնուհետև մի քանի ներխուժումների մասին ՀՀ ինքնիշխան տարածք։