ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տարադրամի փոխանակման կետից 73-ամյա կինը գողացել է օտարերկրյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է 2200 դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Դեպքից երկու օր անց՝ հուլիսի 7-ի առավոտյան, Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում 73-ամյա կինը հայտնաբերվել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել:
«Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը, որի մեջ եղել է 760 դոլար: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրությունում։
73-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: