ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ռուսական Wildberries ընկերությունը պատրաստվում է լոգիստիկ կենտրոն հիմնել Հայաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնեց ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը։
«Դա կբարելավի և՛ առաքումը, և՛ ապրանքների շրջանակը, և՛ մի քանի անգամ (եթե ոչ տասնյակ անգամ) կբարելավի տեղական ձեռնարկատերերի հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան հարմարավետ առևտուր անել այստեղից», - ասաց նա:
Բակալչուկը նշեց, որ Wildberries-ը Հայաստան մատակարարումների հետ կապված որոշ լոգիստիկ դժվարություններ է ունեցել։ Այժմ, երբ Վերին Լարսում թողունակությունն ավելացել է, այդ դժվարությունները կարող են մասամբ լուծվել, որպես այլընտրանքային ճանապարհ աշխատում է նաև օդային առաքումը: Այնուամենայնիվ, ընկերությունն ավելի հուսալի տարբերակ է համարել ՀՀ–ում բացել սեփական լոգիստիկ կենտրոնը։
Բակալչուկը պարզաբանել է, որ մեծ տարբերություն կա ապրանքների շրջանառության միջև, որոնք վաճառվում են անմիջապես Հայաստանից և այն ապրանքների միջև, որոնք հայկական ծագում ունեն ու վաճառվում են միջնորդների միջոցով:
Ներկայում ընկերության միջոցով վաճառքը հարմար է հայկական խոշոր ընկերությունների համար, որոնք գործընկերներ ունեն Ռուսաստանում և նրանց միջոցով իրենց ապրանքը կարողանում են վաճառել Wildberries-ում։ Մինչդեռ փոքր բիզնեսի համար դա բավականին շատ խնդիրներ է առաջացնում:
Ըստ Բակալչուկի` լոգիստիկ նոր կենտրոնը կարագացնի առաքումը և՛ մեր երկրի ներսում, և՛ Հայաստանից Ռուսաստան, այդ թվում ՝ փոքր ձեռնարկատերերի համար, որոնք չունեն պահեստի հնարավորություն և գործընկերներ ՌԴ–ում։
Երևանից հեռու գտնվող վայրերում առաքումը բարելավելու նպատակով ընկերությունը բանակցություններ է վարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «ՀայՓոստի» հետ:
Իր բաժանմունքների միջոցով Wildberries-ը ցանկանում է Հայաստանի բոլոր բնակավայրերում կազմակերպել ապրանքների ընդունում և հանձնում։
«Մենք ցանկանում ենք փորձնական նախագիծ սկսել «ՀայՓոստի» հետ, որը կօգնի մեզ բացել նոր մասնաճյուղեր երկրի բոլոր բնակավայրերում, իսկ հեռավոր բնակավայրերի ձեռներեցներն այսպիսով կկարողանան ներկայացված լինել մեր հարթակում։ «ՀայՓոստը» այս հարցում առանցքային դեր կխաղա»,- նշել է Բակալչուկը։
Ընկերությունն ունի մեկ այլ նախագիծ ևս. կմեկնարկեն դասընթացներ սկսնակ գործարարների համար, որոնք ցանկանում են ներկայացնել իրենց ապրանքը շուկայում: Wildberries-ում այժմ գրանցված է մոտ 2000 բիզնես ձեռնարկատեր ՀՀ–ից, սակայն ակտիվ վաճառք իրականացնում են ընդամենը մոտ 300-ը։ Բիզնես դասընթացները նրանց կօգնեն հասկանալ, թե ինչպես ավելի շահավետ ցուցադրել ապրանքները և աշխատել հաճախորդների հետ:
Նշենք, որ Wildberries–ը 2021 թվականին Հայաստանում բացել է պատվերների տրամադրման մասնաճյուղեր։ Ուղղակի վաճառքն ընկերությունը մեկնարկել է 2022 թվականի վերջին։ 2023 թվականի առաջին կիսամյակի վերջին Հայաստանի գնորդների համար բացվել է Wildberries պատվերների ավելի քան 270 կետ։
Օնլայն առևտրի այս հարթակում ՀՀ–ից գրանցված է 1878 վաճառող, իսկ 415 հազար մարդ պատվերներ է կատարում։