ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Անվտանգության խնդրից հետո երկրորդ կարևորագույն հարցը Սյունիքի մարզի գյուղերի համար գյուղատնտեսության զարգացումն է։ Ինչպես հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը, այս մասին ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթի հետ հանդիպման ժամանակ։
Սքոթն առաջին անգամ է այցելել Սյունիք, և Ղուկասյանի հետ հանդիպմանը նա հետաքրքրվել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակով ու հատկապես`սահմանային գյուղերի կյանքով։
Մարզի ղեկավարն ըստ ոլորտների ներկայացրել է մարզի խնդիրները, առավել մանրամասն` սահմանային բնակավայրերում իրավիճակը հետպատերազմական ժամանակաշրջանում։
Ղուկասյանն անդրադարձել է նաև ենթակառուցվածքների բարելավման, խմելու և ոռոգման ջրի, առողջապահության հասանելիության, որակյալ կրթության ապահովման խնդիրներին։
Քննարկվել են համատեղ աշխատանքի ու համագործակցության հարցեր։ Անդրադարձ է արվել միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող զարգացման ծրագրերի ցանկալի ռազմավարությանն ու տրամաբանությանը։