ՀՀ–ում յուրաքանչյուր խաղացող կունենա առանձին հաշիվ` վճարման քարտի նույնականացմամբ. նախագիծ

ԱԺ–ում քննարկվեց մի նախագիծ, որով օրենսդիրը և գործադիրը ցանկանում են կարգավորել ինտերնետ շահումով խաղերի ոլորտը և պայքարել խաղամոլության դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ինտերնետ շահումով խաղ կազմակերպողի սերվերում ամեն խաղացողի համար պետք է ստեղծվի հատուկ խաղային հաշիվ։ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։
«Այդ և մյուս կանոնները չկիրառելու դեպքում կգործի պատժամիջոց` 200 հազար դրամի չափով»,– ասաց նախագծի հեղինակը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նախագծով առաջարկվում է ոչ միայն անկանխիկ դարձնել շահումով խաղերի մասնակցությունը, այլև լինի խաղացողի բանկային քարտի ու խաղային հաշվեկշռի նույնականացում։
Ըստ Պապոյանի` պատճառն այն է, որ եղել են դեպքեր, երբ նպաստառու անձը կանխիկացրել է գումարը և մեկ ուրիշի քարտով մասնակցել շահումով խաղի։ Այս նախագծով իշխանությունները ցանկանում են բացառել այլ անձանց քարտերով մասնակցությունը շահումով խաղին։
ՀՀ–ում օնլայն հարթակով տաքսիների համար տարեկան 1 մլն դրամի տուրք կսահմանվի
«Սրանով նաև լուծվում է մեկ այլ խնդիր։ Օրինակ` գործատուն կարող է աշխատանքից ազատել խաղամոլ աշխատակցին։ Այս կանոնն այսօր գործում է մասնավոր շատ ընկերություններում, այժմ ցանկանում ենք, որ այս կարգավորումը տարածվի նաև պետական հիմնարկներում։ Մեզ հատկապես մտահոգում է ուժային կառույցներում այս արատավոր երևույթի բացառումը»,– ընդգծեց պատգամավորը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ավելացրեց, որ հատկապես կորոնավիրուսից հետո համաշխարհային ընդհանուր խաղադրույքների աճը կազմել է 20-30 տոկոս, մինչդեռ ՀՀ–ում պատկերն առավել մտահոգիչ է։ Ըստ ՊԵԿ–ի տվյալների` վերջին երկու–երեք տարում ՀՀ–ում ավելի քան կրկնակի են եղել այդ ցուցանիշները։ «Այսինքն` մեզ մոտ աճն ավելի արագ է, քան համաշխարհային միտումը։ Սա անհանգստանալու տեղիք է տալիս»,– նշեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ հունիսի 22–ին ՀՀ կառավարությունը որոշեց ինտերնետ շահումով բոլոր խաղերի մասնակցությունը դարձնել անկանխիկ։