ՀՀ–ի և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրն ուժի մեջ է մտել

«Բավրա» անցակետ
Քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե ՀՀ սահմանային անցակետը հատելիս ՀՀ համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երևում է, որ վերջինս ունի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023թ. հուլիսի 1-ից: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար մի քանի պահանջ կա։
Մասնավորապես, պահանջվում է ՀՀ քաղաքացու անձնագիր կամ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող)՝ միայն երկու կողմերի տարածքների միջև ճամփորդելիս, այդ թվում՝ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում։
Նշվում է, որ քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետը հատելիս ՀՀ համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երևում է, որ վերջինս ունի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով:
Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար անհրաժեշտ է ճամփորդական փաստաթուղթ (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար)։