«Wildberries»-ը նախատեսում է նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրենին
ՀՀ նախագահը կարևորել է միջազգային էլեկտրոնային առևտրային կազմակերպության և հայ ձեռներեցների արդյունավետ փոխգործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Wildberries»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկի հետ քննարկել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Բակալչուկը Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում «Wildberries» էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը և շեշտել, որ առաջիկայում էլ նախատեսվում են նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «ՀայՓոստի» հետ համագործակցության ոլորտները։
ՀՀ նախագահը կարևորել է միջազգային էլեկտրոնային առևտրային կազմակերպության և հայ ձեռներեցների արդյունավետ փոխգործակցությունը և շեշտել, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է գրավիչ բիզնես և ներդրումային միջավայր ստեղծելու սկզբունքներ և հանդես է գալիս գործարարներին և արտադրական կազմակերպություններին աջակցելու դիրքերից:
Նշենք, որ «Wildberries» միջազգային առցանց հարթակի ներկայացուցիչները, այդ թվում՝ ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը, հուլիսի 6-7-ը աշխատանքային այցով ժամանել են Երևան։ Նրանք հանդիպել են ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ «Wildberries»–ի հայաստանյան մասնաճյուղերի ձեռնարկատերերի հետ։
Բակալչուկը նշել է, որ Հայաստան է եկել, որպեսզի հասկանա, թե ինչ խնդիրներ կամ դժվարություններ կան այստեղ, հատկապես բեռնափոխադրումների հետ կապված։
«Wildberries»–ի հիմնադիրը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է ՀՀ–ում լոգիստիկ նոր կենտրոն բացել։
Հայաստանում «Wildberries» հարթակն աշխատում է 2018 թվականից, 2021 թվականին արդեն բացվել են մասնաճյուղերը, ուղղակի վաճառքները մեկնարկել են 2022 թվականի վերջից։ Առցանց առևտրի այս հարթակում ՀՀ–ից գրանցված է 1878 վաճառող, իսկ 415 հազար մարդ պատվերներ է կատարում։