ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել բարձր մակարդակի երկխոսություն ռազմավարական հարցերի շուրջ։ Այս հարցը այսօր Բաթում քաղաքում քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Սա լրացուցիչ խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,– ասված է հաղորդագրությունում:
Կարևորվել են ինտենսիվ շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները, անդրադարձ կատարել տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպել են Բաթում քաղաքում
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր մեկնել է Վրաստան։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին Երևանում: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 12-ին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին: