ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքն այս պահին քննարկումներ, խորհրդակցություններ է անցկացնում` աշնանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։ ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա` ճիշտը համախմբվելն է, ցույց տալ, որ Երևանը համակարծիք չէ այն քաղաքականությանը, որ իրականացվում է իշխանությունների կողմից, թեև կա մտավախություն, որ կգործադրվի վարչական ռեսուրս։
«Վստահ եմ, որ պետք է համախմբել ու միասնական թեկնածուով հանդես գալ և հստակ ուղերձ հղել։ Երևանի ընտրությունները չեմ կարծում, որ ուղղակի կենցաղային ընտրություններ են, Երևանը ՀՀ կենտրոնն է, քաղաքական կենտրոնն է։ Ամեն դեպքում քաղաքականցված ընտրություններ կլինեն»,– նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե «ՀայաՔվեին» մասնակցությունը կարող է պատերազմ հրահրել, ապա ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց, որ դրանք կեղծ, սուտ, դեմագոգիկ, մանիպուլյատիվ հայատարարություններ են ընդամենը։
«Պատերազմը բռնկվեց իրենց իշխանության օրոք, երբ իրենք վիժեցրին բանակցային գործընթացը, իրենք են բանակը կազմաքանդել, իրենք խոսում էին խաղաղությունից, սակայն հենց իրենք բերին պատերազմ»,– ընդգծեց Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։ ԶԼՄ–ներն էլ հայտնել են, որ հնարավոր է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում գուցե հայտարարի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։