Ֆրանսիան աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերին. Կոլոննա

Ֆրանսիացի դիվանագետի գրառման մեջ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները պահպանելու կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերին` պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները: Twitter–ի իր միկրոբլոգում նման գրառում է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ ասել է այս մասին իր հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը հանուն արդարության և միջազգային իրավունքի հանդեպ հարգանքի»,– հավելել է ֆրանսիացի դիվանագետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հարցը։ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: