ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Արցախի Մարտունու շրջանում այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն խախտել է հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նշենք, որ երեկ կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը։ Ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ էին բացել Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզյան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող 3 քաղաքացիների ուղղությամբ։