Ադրբեջանի կողմից առևանգված հայ զինծառայողները դատապարտվեցին 11,5 տարվա ազատազրկման

Դատարան
Զինծառայողներն առևանգվել էին Սյունիքում` դիրքեր սնունդ տանելու ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Սումգայիթի դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված երկու հայ զինծառայողներին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում են սահմանն ապօրինի հատելու և դիվերսիոն փորձի համար։
Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որում եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։
Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ հուլիսի 6-ին հայտնեց, որ զինծառայողների առևանգումից անմիջապես հետո կապ են հաստատել նրանց հարազատները, տվյալներ փոխանցել մինչ առևանգումը գտնվելու վայրի, ծառայության բնույթի մասին։ Փաստագրված տվյալները թարգմանվել են անգլերեն և փոխանցվել միջազգային գործընկերներին։ Մանասյանի խոսքով` զինծառայողներն ակնհայտորեն գերեվարված են, և նրանց վրա պետք է տարածվեն գերու կարգավիճակ ունեցող միջազգային բոլոր իրավունքները։