Վահան Կոստանյանը Բահրեյնի դեսպանին է ներկայացրել ԼՂ–ի շուրջ վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ–ի պատրաստակամությունը Ադրբեջանի հետ առկա խնդիրները կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ՀՀ–ում Բահրեյնի Թագավորության նորանշանակ դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը առկա խնդիրները կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բահրեյնի Թագավորության նորանշանակ դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշի
Բացի այդ, Կոստանյանն Ալ-Բելուշիի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի և արաբական աշխարհի կապերի դարավոր պատմությունը: Այդ համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Հանդիպման ընթացքում Բահրեյնի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին։