ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Կիպրոսի Հանրապետությունում երեկ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, տարեկան ծրագիրն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։
«Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցությունների ավարտին պատվիրակություններին ընդունել է նաև Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսը։