Սահմանամերձ համայնքներում տների կառուցման ծրագիրը պասիվ է. Արարատի մարզից դիմող չկա

Գնել Սանոսյան
Կառավարության նիստում մարզպետները պետական ծրագրի ընթացքի մասին վիճակագրական տվյալներ ներկայացրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ սահմանամերձ գյուղերում պետության սուբսիդավորմամբ տների կառուցման ծրագիրը, որը մեկնարկել է 2023թ–ին, մարզպետների հավաստմամբ, աշխուժություն առաջացրել է, բայց դիմողները դեռ շատ չեն։ Այս մասին այսօր մարզերի ղեկավարները զեկուցեցին ՀՀ կառավարության նիստում` ներկայացնելով ծրագրի ընթացքը։
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հայտնեց, որ մարզում շուրջ 100 շահառու բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով ծանոթացել են վարկավորման պայմաններին։ Այսօրվա դրությամբ, սակայն, տրամադրվել են 3 վարկերի 1-ին տրանշները Ոսկեպար, Արծվաբերդ և Բերքաշեն գյուղերում։
«Այդ 3 գյուղում շինարարությունն ընթանում է։ Քաղաքացիները պատրաստվում են դիմել երկրորդ փուլին»,– ասաց Ղալումյանը` հավելելով, որ ևս 3 վարկ էլ հաստատվել է` 2-ը` Բերքաբերում, 1-ը` Կիրանցում։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղում 3 դիմող կա, որոնցից այս պահին դեռ 1-ն է շինթույլտվություն ստացել ։
«Վայոց Ձորի մարզում աշխուժության կա, բայց թվաքանակը քիչ է։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից այս պահին 4 հոգի է դիմել Արենի, Խաչիկ, Խնձորուտ և Գոմք համայնքներից»,– հայտնեց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Քանի որ մյուս մարզպետները նիստին ներկա չէին, նրանց փոխարեն վիճակագրությունը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ասելով, որ Արարատի մարզում հայտ չկա, Սյունիքում 8 հայտ է եղել։
Նախարարի խոսքով` ծրագիրը դանդաղում է բանկերում գրավադրման հարցի պատճառով։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, որի միջոցով հույս ունեն` ծրագիրն ավելի կակտիվանա։
Վարչապետն էլ առաջարկեց բանկերի հետ քննարկում կազմակերպել։
Հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակը մոտ է նվազագույն պարենային զամբյուղին. Փաշինյան
Հիշեցնենք` սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատվել էր կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի նիստում։
Պետական ծրագիրը նախատեսված է միայն սահմանամերձ գյուղերի համար, դրանից կարող են օգտվել անապահով կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։
Կառավարության կանխատեսմամբ` մինչև 2024 թվականի ավարտը Հայաստանի 80 սահմանամերձ գյուղական բնակավայրում առնվազն 550 ընտանիք պետք է պետության աջակցությամբ տուն կառուցի։
2023 թվականի պետական բյուջեով այդ ծրագրին հատկացվել է 466 միլիոն դրամ, 2024 թվականի համար նախատեսվում է տրամադրել ևս 1.5 միլիարդ։
Պետության երաշխավորմամբ բանկը յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրում է առավելագույնը 16 մլն դրամ։
Պայմանագիրը կնքելուց հետո շահառուն պարտավորվում է 3 տարի ժամկետում տան կառուցումը հասցնել ավարտին և ներկայացնել ավարտական ակտը։ Հակառակ դեպքում գնահատվում է, որ տրամադրված գումարները նպատակային չեն օգտագործվել և աջակցություն դադարեցվում է։
Ծրագրում ընդգրկված են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի սահմանամերձ բնակավայրերը։
Երևանցիներն օդի փոխարեն փոշի՞ են շնչում. ի՞նչ վիճակ է ՀՀ–ում օդի աղտոտվածության առումով