Ռուբեն Ռուբինյանը ԼՂ–ի թեման քննարկել է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Միրոսլավ Պապային և Խրիստոս Յակումոպուլոսին
Ազգային ժողովի փոխնախագահը եվրոպացի պաշտոնյաների հետ խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարևորության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը քննարկել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապայի և մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ընդգծել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարևորությունը և Եվրոպայի խորհրդի դերն ու պատասխանատվությունն այդ հարցում»,– ասված է հաղորդագրությունում:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Միրոսլավ Պապային և Խրիստոս Յակումոպուլոսին
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։