ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ–ի փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա կանեն և կպահանջեն ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը:
Հայտնել ենք, որհունիսի 7–ին ոստիկանները բռնություն են կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին՝ ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Դա առաջացրել է փաստաբանների դժգոհությունը, որոնք վերջին օրերին պարբերաբար ցույցեր են անցկացրել։
«Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով որոշեցին պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանի հրաժարականը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եռօրյա բողոքի ակցիա կիրականացվի հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին։ Այդ օրերին փաստաբանները կհրաժարվեն ՀՀ պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։
Բացի այդ, փաստաբանական համայնքում հարցումներ կանցկացվեն ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «փաստաբանության թշնամի» հռչակելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում հունիսի 7–ին փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել էր քննարկման ընթացակարգ։
Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հունիսի 7-ին՝ ժամը 16:00–ին դատական մի նիստից հետո փաստաբան Կարեն Ալավերդյանին և իր պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության 20-30 աշխատակից և հրավիրել ոստիկանության բաժին։ Այստեղ փաստաբանը փորձել է կասեցնել ոստիկանների կողմից իր պաշտպանյալի նկատմամբ բռնությունն ու ծեծը, սակայն նրան սենյակից դուրս են հանել, անսպասելիորեն ձերբակալել են և ձեռնաշղթաներ հագցրել։