ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ երկուշաբթի ՝ հուլիսի 10-ին, Շվեդիայի` դաշինքին անդամակցելու հարցով բարձր մակարդակով հանդիպում է անցկացնելու: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Երկուշաբթի Վիլնյուսում ես հանդիպում կանցկացնեմ նախագահ Էրդողանի և վարչապետ Քրիստենսոնի միջև՝ որպես այս գործընթացում հաջորդ քայլ», - ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով ՝ Թուրքիան չի հասցնի վավերացնել դաշինքին Շվեդիայի անդամակցությունը հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին, սակայն հույս ունի, որ մինչև գագաթնաժողովը քաղաքական որոշում կկայացվի:
Նա հավելել է, որ նախատեսում է դրա համար ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնել առաջիկա հանգստյան օրերին:
Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը առաջընթաց է գրանցվել, սակայն Թուրքիան մինչ օրս Շվեդիայի նկատմամբ որոշակի պահանջներ է պահպանում է նրա անդամակցությունը վավերացնելու համար:
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Դաշինք ընդունվելու համար անհրաժեշտ է բոլոր անդամների հաստատումը, նաև պետք է որոշակի ընթացակարգեր անցնել: 2022 թվականի հունիսի վերջին Մադրիդում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեցին Շվեդիային և Ֆինլանդիայի միացմանը։
Այնուհետև սկսվեց հայտերի վավերացման գործընթացը անդամ երկրների ազգային խորհրդարանների մակարդակով։ Մինչև 2023 թվականի սկիզբը Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը վավերացրել էին ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը։ Սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկացան Շվեդիայի հայտը դիտարկել Ֆինլանդիայի հայտից առանձին։ Մարտի 31-ի գիշերն ավարտվեց ֆիննական հայտի վավերացումը դաշինքի բոլոր անդամների կողմից: Ապրիլի 4-ին Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը դարձավ։ Շվեդիայի հայտը մինչ օրս Հունգարիայի և Թուրքիայի հավանությունը չի ստացել։