Մինչև 2025 թվականը ՀՀ–ում կգործի շտապ բժշկական օգնության մեկ միասնական համակարգ

Շտապօգնության ավտոմեքենա
Գյումրու շտապօգնությունը կվերածվի հանրապետական շտապօգնության ծառայության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Գյումրու շտապօգնությունը կվերածվի հանրապետական շտապօգնության ծառայության և կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարությանը։
Գործադիրում կարծում են, որ սա կբարձրացնի ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև մարզերի բնակչության շտապ բուժօգնության ծառայությունների մատուցման որակը։
Բանն այն է, որ այսօր շտապօգնության կանչերի «1-03» հեռախոսահամարը գործում է միայն Երևանում։
Նման ծառայություններ են գործում նաև Շիրակի մարզի Գյումրու «Շտապ բուժական օգնության կայան» ՓԲԸ-ում և Արարատի մարզի Մասիսի ու Արտաշատի բժշկական կենտրոններում։
Արցախ բժիշկներ գործուղելու համար հայտարարություն կուղարկվի միջազգային կառույցներին
Սակայն մարզային բժշկական հաստատությունների շտապ բժշկական օգնության ծառայություններում հիմնականում բացակայում է դիսպետչերական ծառայությունը, ինչի հետևանքով շտապօգնության զանգերը հաճախ մնում են անպատասխան:
Բացի այդ, «1-03» հեռախոսահամարին զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի շտապօգնություն, որտեղից կանչը փոխանցվում է տվյալ մարզային վարչատարածքային բժշկական հաստատություն։ Այս մեխանիզմը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը, որն իր հերթին հանգեցնում է մատուցվող ծառայության արդյունավետության նվազմանը:
Այս խնդիրները լուծելու, շտապ բժշկական ծառայության օպերատիվությունը, հասանելիությունը և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել հանրապետության ողջ տարածքում գործող միասնական շտապօգնության ծառայություն։
Բարեփոխման առաջին փուլով կստեղծվի կենտրոնացված կարգավարական (դիսպետչերական) միասնական հանրապետական կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի ընդունել, մշակել և համապատասխան բրիգադներին փոխանցել ստացված կանչերը, վերահսկել բոլոր կանչերի ընթացքը, կանչի տևողությունը, մեքենաների ժամանման ժամանակը, կանչերի իրականացման ընթացքում հետևել մեքենաների տեղաշարժին, կանչի վայր ուղղորդել մոտակա ազատ շտապ բժշկական օգնության բրիգադը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել և կառավարել բուժառուի ստացիոնար բուժօգնության տեղափոխման գործընթացը՝ անկախ վարչատարածքային բաժանումից:
Երկրորդ փուլով սպասարկող բրիգադները կկենտրոնացվեն մեկ կառույցում` ապահովելով մեքենաների միասնական պարկի և աշխատուժի արդյունավետ օգտագործումը։
Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականը։
Համագումարի շրջանակում 300 բժիշկ է եկել Հայաստան. հնարավոր են համատեղ վիրահատություններ