ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ը երեխաների իրավունքների կոպիտ խախտումները կանխելու ու երեխաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու պատասխանատվություն է կրում ամենուր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Նա կոչ է արել միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաների կյանքի պայմանների հետագա վատթարացումը կանխելու նպատակով։
Մարգարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2022 թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար։
«Անհնար է դարձել դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը, առաջացել է սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչության կարիքների համապարփակ գնահատումը` շեշտելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումը և շուրջ 30 հազար երեխաների ու նրանց ընտանիքների շրջափակումը վերջիններիս իրավունքների ծանր խախտում է։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։