ԼՂ-ում ՀՀ բանակ չկա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ՀՀ կառավարությունն ունի որոշման նախագիծ` 3 հսկիչ անցակետերի հիմնադրումը Ադրբեջանի հետ սահմանին, որը չի ընդունվում Ադրբեջանի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, այնտեղ գործում է ԼՂ բանակը, որի գործունեության պատճառը յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության մեջ։ Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ ՀՀ կառավարությունն ունի որոշման նախագիծ`3 հսկիչ անցակետերի հիմնադրումը Ադրբեջանի հետ սահմանին, որը չի ընդունվում Ադրբեջանի կողմից, քանի որ նա չի հրաժարվել ՀՀ շրջափակման ենթարկելու իր 30–ամյա ձգտումից։
«Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին։ Այսինքն` տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և՛ ՀՀ կողմից, և՛ Ադրբեջանի կողմից լինեն այդ հսկիչ անցագրային կետերը, որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները ապաշրջափակվեն։ Ադրբեջանի չի անում սա, ու նրա մոտեցումն այդպիսին է, քանի որ նա չի հրաժարվել ՀՀ–ն շրջափակման ենթարկելու իր` 30–ամյա քաղաքականությունից»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերով։ Փաշինյանը նշեց, որ նախ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22–ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում ՀՀ–ին ուղղված մեղադրանքները, բացի այդ` հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունը և վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ։
«Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չի արել, մինչև օրս շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին, և նրանց օգտագործել` որպես քաղաքական սակարկման գործոն»,– նշեց նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ էր տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։