Հայաստան–Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական ծրագիրը թեպետ ռազմավարական փոփոխություն ենթադրող ներուժ չունի, սակայն քաղաքական աջակցություն է Հայաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
Հայտնել ենք, որ Կիպրոսում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։
Վերլուծաբանն ընդգծում է, որ նման ֆորմատով համագործակցությունը նոր բան չէ, տարին մեկ նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվում, և նախկինում էլ եռակողմ ռազմական համագործակցության մասին խոսվել է, հարցը` քննարկվել։
«Ասել, որ ինչ–որ որակական փոփոխություն է արվել, կարծում եմ` չի կարելի։ Առանձնապես շատ ռազմավարական փոփոխություններ ենթադրող ներուժ, չեմ կարծում, որ կա»,–նշեց Հարությունովը։
Նա ընդգծեց, որ ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն է լինում, որ հայկական հատուկջոկատայինները մասնակցում են Կիպրոսում զորավարժությունների` երկկողմ կամ եռակողմ (Հունաստանի մասնակցությամբ) ֆորմատով, բայց այն միայն գործնական դաշտում է։ Այսինքն` տեղի է ունենում երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտական պատրաստության ոլորտում փոխգործակցություն, գուցե նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցություն, բայց միայն այդքանը. առայժմ որևէ նախադրյալ չկա, որ այն ուրիշ դաշտ կտեղափոխվի։
Սակայն այս համագործակցության մեջ Հարությունովը կարևոր բաղադրիչ է տեսնում Հայաստանի համար։
«Այստեղ այդ եռակողմ ֆորմատում համագործակցությունը (թեկուզ և ռազմական ոլորտում) նաև շատ ուժեղ քաղաքական տարր էլ ունի։ Հաշվի առնելով, թե ՀՀ–ի համար ինչքան բարդ է ընդհանուր իրավիճակը, ու գործնականում որքան քիչ են այն երկրները, որոնք աջակցում են Հայաստանին, այդ ֆորմատը նաև ինչ–որ տեղ աջակցության տեսակ է, տարբերակ է Հայաստանի համար։ Քաղաքական իմաստով էլ ինքը փաստ է, որ գոյություն ունի»,– հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Ի դեպ,պաշտպանական ոլորտում համագործակցության մասին ծրագիր Կիպրոսի ազգային գվարդիան դեռ մարտ ամսին ստորագրել է Իսրայելի հետ, սակայն նման համագործակցությունից Հայաստանի օգտվելուն Հարությունովը թերահավատորեն է մոտենում։
«Ես կարծում եմ` ոչ մի ձևով չի կարող օգտվել։ Հասկանալի է, որ Իսրայելը ոչ մի ձև Հայաստանին չի աջակցի, ու հայկական կողմն էլ առանձնապես չի ձգտում համագործակցության։ Փորձ փոխանցելը կարող է լինել անուղղակի, օրինակ` որոշ հմտություններ, որոնք Կիպրոսի զինված ուժերը կարող են ձեռք բերել, իրենք նաև ինչ–որ ձև կարող են դրանց մասին տեղյակ պահել հայկական կողմին»,–նշեց նա։
Այնուամենայնիվ, ռազմաքաղաքական վերլուծաբանը հորդորում է իրատեսական գնահատել նման համագործակցությունը, քանի որ այն, այո՛, ինչ–որ հնարավորություն է Հայաստանի համար, և ՀՀ–ն էլ պետք է ցանկացած ընձեռված հնարավորությունից օգտվի, սակայն որևէ գլոբալ փոփոխություն Հայաստանի և ՀՀ զինված ուժերի համար չարժե ակնկալել։