ՀՀ իշխանությունը կօգնի այն ընկերություններին, որոնք արժեթղթերը կներկայացնեն տեղական բորսա

Բորսա
Նոր ընկերությունների մուտքը տեղական բորսա կընդլայնի ֆինանսներ ներգրավելու հնարավորությունները, ինչն էլ իր հերթին կակտիվացնի տնտեսությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները կսուբսիդավորեն այն ընկերություններին, որոնք կորոշեն արժեթղթերը մուտքագրել տեղական բորսա։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Գործադիր մարմնի նպատակն է ընկերությունների համար ստեղծել հնարավորություններ, որպեսզի ֆինանսներ ներգրավեն ոչ միայն բանկերից, այլև բաժնետոմսերի և պարտատոմսերի տեղաբաշխումից:
Մի կողմից բաժնետոմսերի տոկոսադրույքը կարող է ավելի բարձր լինել, քան բիզնես վարկերը, մյուս կողմից ընկերությունները պարտավոր չեն ամբողջությամբ բաշխել իրենց շահույթը բաժնետերերին՝ թողնելով «մանևրելու ազատություն»:
Դա բիզնեսի համար նոր հնարավորություններ կստեղծի ֆինանսներ ներգրավելու համար, ինչն էլ նշանակում է, որ այն կակտիվացնի տնտեսությունը։
Ընկերությունը, որպեսզի կարողանա տնօրինել իր բաժնետերերի միջոցները, պետք է պահպանի թափանցիկ ֆինանսական գրառումներ, և սեփականատերերն ու ղեկավարները չպետք է միանձնյա կառավարեն ընկերությունը:
Անհրաժեշտ է անցկացնել անկախ աուդիտ, ինչպես նաև ստեղծել անկախ տնօրենների կառավարման խորհուրդ։
Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի միլիարդներն անցնում ՀՀ-ի կողքով. բիզնեսը և իշխանությունը` խնդրի մասին
Արժեթղթերը հայկական բորսայում հիմնականում տեղաբաշխում են բանկերն ու վարկային կազմակերպությունները՝ չնչին բացառություններով։ Կապիտալի շուկայի զարգացման համար կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել բորսա մուտք գործելու ծախսերը, այդ թվում՝ բորսայում ընկերության տեղաբաշխման, ինչպես նաև արժեթղթերի թողարկման և գնորդների որոնման ծախսերը։
Սուբսիդիան կտրամադրվի առնվազն 36 ամիս մարման ժամկետով ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկման ժամանակ: Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման դեպքում ընկերությունը կկարողանա ստանալ տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով սուբսիդիա, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ:
Բաժնետոմսերի թողարկման դեպքում կսուբսիդավորվի ծախսերի 80%-ը: Ընդ որում` յուրաքանչյուր ընկերություն կարող է աջակցություն ստանալ միայն մեկ անգամ։
Միջազգային վարկային վարկանիշ ստանալ ցանկացող ընկերություններին պետությունն առաջին տարվա ընթացքում կվճարի միջազգային վարկանիշային կազմակերպությունների ծառայությունների 50 տոկոսը: Եթե ընկերությունն արժեթղթերը ներկայացնի Հայաստանի ֆոնդային բորսայում, ապա առավելագույն սուբսիդիան կաճի մինչև 80 տոկոս։
Աջակցության նախագիծը մշակած էկոնոմիկայի նախարարության նախնական գնահատմամբ՝ այն ընկերություններին թույլ կտա ավելի մեծ ծավալով ֆինանսներ ներգրավել: Առաջին երեք տարիների ընթացքում աջակցության ծավալը կկազմի շուրջ 10,65 մլրդ դրամ, որի արդյունքում բաժնետոմսերի և պարտատոմսերի նոր թողարկումները կկազմեն 97,5 մլրդ դրամ:
Նշենք, որ մեկ տարի առաջ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հսկիչ փաթեթը ձեռք բերեց Վարշավայի ֆոնդային բորսան (GPW), որը ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության հետ պատրաստվում է ակտիվացնել արժեթղթերի շուկան երկրում:
Արտասահմանյան ներդրումային ֆոնդերին հետաքրքրում են հայկական դրամով պարտատոմսերը. նախարար