ՀՀ իշխանության` Արցախի մասին հայտարարությունները վնասում են ընդհանուր գործին. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը. Արխիվային լուսանկար
Իսկ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի կարծիքով` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ իշխանության անդամների հայտարարությունները չեն խանգարում ընդհանուր աշխատանքին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանն անկախ մարմին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից արվող քաղաքական հայտարարությունները, որոնցով ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ, որոշակի խոչընդոտներ են հարուցում։ Այսօր Ստեփանակերտ–Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով` միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ նրանք ևս հաճախ վկայակոչում են հենց այդ հայտարարությունները։
«Ես կարող եմ անվերապահորեն ասել, որ ցանկալի կլիներ` Հայաստանի Հանրապետության հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք վնասում են ընդհանուր գործին։ Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից և կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մեր պարագայում, ակնհայտ է, որ հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին»,– նշեց Ստեփանյանը։
Նա հավելեց` մի կողմից աշխատանք է տարվում, որ մի միջազգային հանրությունն ամբողջությամբ ընկալի ստեղծված հումանիտար աղետալի վիճակը, մյուս կողմից նման հայտարարություններ են արվում։
Նա շեշտեց` վերջին 7 ամիսների ընթացքում հումանիտար սպառնալիքներն այնքան ընդգծված չեն եղել, որքան հիմա են։
Իսկ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի կարծիքով` դրանք չեն խանգարում ընդհանուր աշխատանքին, մասնավորապես` Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը միջազգային գործընկերներին ներկայացնելիս, քանի որ մարդու իրավունքների պաշտպանն անկախ մարմին է։
«ՄԻՊ-ը կառավարության, գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչ չէ, անկախ պաշտոնատար անձ է և ապաքաղաքական, հետևաբար ինքը ներկայացնում է ինքնուրույն և անկախ տեղեկատվություն` անկախ նաև այն ընդհանուր հայտարարություններից, որ կարող են արվել, քանի որ դրանք հաճախ քաղաքական են, սովորաբար, հենց արտաքին քաղաքական տարր են պարունակում»,– նշեց Մանասյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Դրանից հետո ՔՊ–ական տարբեր գործիչների կողմից ևս հայտարարություններ հնչեցին, ըստ որոնց` ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ։
Հայաստանը սպասում է միջազգային դատարանի նոր որոշմանը Լաչինի միջանցքի հարցով. Կիրակոսյան