Հայտնի է` ում կկանչեն քննիչ հանձնաժողով Փաշինյանից հետո, ցանկը պատրաստ է. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում. Արխիվային լուսանկար
Դավիթ Տոնոյանն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի իրեն թույլ տան գնալ ԱԺ՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում այս օրերին քննարկում են, թե վարչապետ Փաշինյանից հետո որ պաշտոնյաներին հերթականությամբ պետք է հրավիրեն հանձնաժողով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Թերթին հասած տեղեկություններով`մասնավորապես քննարկում են հաջորդը քննիչ հանձնաժողով հրավիրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
«Թե ինչպես նա պետք է գա շրջափակված Արցախից, չեն պատկերացնում անգամ ՔՊ-ականները»,–գրում է թերթը:
Այնուհետև ԱԺ-ում մտադիր են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հրավիրել:
Նշենք, որ երեկ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի իրեն թույլ տան գնալ ԱԺ՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստերին։
Թերթը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից 3 տարի անց Նիկոլ Փաշինյանը ներկայացավ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ուղիղ եթերում խոսեց շատ թեմաների մասին՝ չկաշկանդվելով պետական գաղտնիքի հրապարակումից:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Հանձնաժողովի հաջորդ նիստում, որը կայացավ հունիսի 27-ին, Փաշինյանն ասաց, թե ինչու բանակցային գործընթացի փակուղու մասին չի խոսել 2018-2019թթ–ին, ինչպես կարելի էր կանգնեցնել պատերազմը։ Նա կրկին անդրադարձավ Շուշիի թեմային, խոսեց իր որդու ու կնոջ մասին և ասաց, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը վստահեցրեց, որ Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել, ինքն էլ զորահավաքը դադարեցնելու հրաման չի տվել։ ՀՀ վարչապետը խոսեց նաև պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին և պատմեց, թե ինչ են զեկուցել իրեն պատերազմից առաջ։ ՀՀ վարչապետն ասաց նաև, որ Օնիկ Գասպարյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար իրար հակասող տեղեկություններ են ներկայացրել պատերազմի ընթացքի վերաբերյալ։