ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնությունը չի կարող լինել պատերազմի սպառնալիք, դա իշխանությունների կեղծ օրակարգն է։ Այս մասին «ՀայաՔվեի» ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է մեր միասնությանը, անվտանգության համակարգի ձևավորմանը, բանակի վերականգնմանը, կարող է այսօրվա իշխանությունն ասել, որ դրանք էլ են սպառնալիք: Իշխանությունը կեղծ տեղեկություններ է տարածում, որ ընդդիմությունը սա նախաձեռնել է, որ լինի պատերազմ, պատերազմից հետո ժողովուրդը ոտքի կանգնի և իրենք գան իշխանության: Այստեղ իշխանության պայքար չի գնում»,-ասել է Օհանյանը` ընդգծելով, որ դրանք բոլորը կեղծ օրակարգեր են:
Նրա խոսքով` «ՀայաՔվեի» նախաձեռնությունը շատ կարևոր է, որովհետև դրանում նշված են այն բոլոր կարմիր գծերը, որոնք և՛ ընդդիմության, և՛ «Հայաստան» դաշինքի բոլոր քաղաքական ուժերի, և՛ «Հայաստան» խմբակցության կարմիր գծերն են:
«Մենք չենք կարող Արցախի ժողովրդին թողնել միայնակ: Արցախը տասնյակ տարիներ եղել է Հայաստանի սահմանապահը, իր վրա է վերցրել բոլոր ծանրությունները: Այսօր Արցախը շրջափակման մեջ է,և Արցախի հեռանկարը ինքնորոշման մեջ է: Նա պետք է լինի անկախ, և մենք պարտավոր ենք այդ աջակցությունը ցուցաբերել»,-ասել է Օհանյանը` բոլորին կոչ անելով միանալ նախաձեռնությանը:
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։