ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ զրույցում խոսել է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը Անկարայի աջակցության կարևորության մասին, ասվում է Պետդեպարտամենտի կայքում:
«Քարտուղար Բլինկենն ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնականության կարևորությունը նման կրիտիկական պահին և Թուրքիային կոչ է արել աջակցել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը», - ասվում է հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտում նշել են, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների զրույցը կայացել է հուլիսի 5-ին, Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին: Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հացահատիկի գործարքի երկարաձգման կարևորությանը:
Նշենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա Վիլնյուսում հուլիսի 11-12-ը:
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Դաշինք ընդունվելու համար անհրաժեշտ է բոլոր անդամների հաստատումը, նաև պետք է որոշակի ընթացակարգեր անցնել: 2022 թվականի հունիսի վերջին Մադրիդում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեցին Շվեդիային և Ֆինլանդիայի միացմանը։ Այնուհետև սկսվեց հայտերի վավերացման գործընթացը անդամ երկրների ազգային խորհրդարանների մակարդակով։ Մինչև 2023 թվականի սկիզբը Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը վավերացրել էին ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը։ Սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկացան Շվեդիայի հայտը դիտարկել Ֆինլանդիայի հայտից առանձին։ Մարտի 31-ի գիշերն ավարտվեց ֆիննական հայտի վավերացումը դաշինքի բոլոր անդամների կողմից: Ապրիլի 4-ին Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը դարձավ։ Շվեդիայի հայտը մինչ օրս Հունգարիայի և Թուրքիայի հավանությունը չի ստացել։