ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրվեց «Նոր փրոջեկտս» ՍՊԸ–ին, որը կահույք արտադրող ընկերություն է։
Նախագծում նշվում է, որ ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս, Հենդերսոն և Էկկո համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և Ասիական երկրներում։
Նշվում է, որ այս ընկերությունը գրանցել է բացառիկ հաջողություններ հայաստանյան կահույքագործության պատմության մեջ: Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Հաշվի առնելով, որ ընկերությունն ընդլայնում է արտադրանքի ծավալները՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ավելացնել պահանջվող հումքատեսակի քանակը և արժեքը։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Բեսթ ինվեսթ գրուպ», «Գրանդ մաստեր», «Պրինտարմ դանվեստ», «Գրանդ քենդի» ընկերությունները ևս կօգտվեն մաքսատուրքից ազատման արտոնությունից։