ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ամերիկյան լրատվամիջոցները շրջանառում են ուկրաինական իշխանությունների հանցավոր ծրագրերը։ Այս մասին ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ը պայթեցնելու սպառնալիքի մասին հրապարակումները:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին մեկնաբաններն իրականում խաղում են ուկրաինական իշխանությունների հանցավոր ծրագրերի խաղը՝ օգտագործելով ահաբեկչությունը։ Փորձ է արվում զրպարտել Ռուսաստանին որպես միջուկային ահաբեկիչ»,- ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Անտոնովը հավելել է, որ ամերիկյան ԶԼՄ-ներում սադրիչ թռուցիկներ կան, որոնք կրկնում են Կիևի այն հայտարարությունները, թե Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի պայթեցման սպառնալիք կա։ Նրա խոսքով` այն ցինիզմը, որով տեղացի լրագրողները լուսաբանում են ուկրաինական իրադարձությունները, դուրս է բանականության սահմաններից:
«Մեր կողմից վերահսկվող ատոմակայանի դեմ սադրանք նախապատրաստելու մասին հայտարարությունները անհեթեթ են»,- ամփոփել է դիվանագետը։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։