ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ հուլիսի 6-ին` ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզյան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող 3 քաղաքացիների ուղղությամբ։
Մարտունի քաղաքի բնակիչներ փականագործ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրամոնտյոր Ա.Ֆ.-ն դադարեցրել են նորոգման աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հիշեցնենք` հուլիսի 4–ին ՌԴ ՊՆ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում էր արձանագրել։
Ավելի վաղ` հունիսի 28-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Ադրբեջանական կրակոցների հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել։