ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Ղահրամանմարաշ քաղաքում 3,6 մագնիտուդով երկրաշարժ է այսօր տեղի ունեցել: Այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ)։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08: 55-ին Գեքսունի շրջանում:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6,97 կմ խորության վրա:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։