Սահմանադրությունը մեղավոր չէ, պետական–քաղաքական կամքի բացակայություն կա. Դանիելյան

Գևորգ Դանիելյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանում Սահմանադրությունը 1995 թվականի հանրաքվեով ընդունվելուց հետո մի քանի փոփոխությունների է ենթարկվել։ Թե որքանով են այսօր պահպանվում Սահմանադրության դրույթները, Sputnik Արմենիան հետաքրքրվեց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Սահմանադրության դրույթների պահպանման համար առաջին հերթին անհրաժեշտ է պետական–քաղաքական կամք, որը Հայաստանում բացակայում է։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում տիրող իրավիճակի, անհաջողությունների և ձախողումների պատճառը Սահմանադրությունը չէ, իսկ Սահմանադրության նորմերը չպահպանելը պայմանավորված չէ միայն դրա որակով։ Պատճառը պետք է փնտրել այլ տեղ։

«Որպեսզի Սահմանադրությունը պահպանվի, դրա դրույթները պետք է համապատասխանեն իրավունքի գերակայությանը, համապատասխանեն նաև տվյալ երկրում ձևավորված սոցիալ–քաղաքական, բարոյահոգեբանական մթնոլորտին։ Մենք չենք կարող պարզապես ընդունել իրավական ակտ` լավ ձևակերպումներով և հուսալ, որ ինքնըստինքյան կկատարվի»,–պարզաբանեց Դանիելյանը։

Նրա խոսքով` եթե անգամ մենք ունենայինք ամենահաջողված Սահմանադրությունը, համապատասխան քաղաքական կամքի բացակայության պայմաններում անհնար է, որ Սահմանադրությունը իրագործվի` իր հաջողված լինելու շնորհիվ։
Դանիելյանը համարում է, որ երեք տարի առաջ տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները չեն կատարվել Սահմանադրությանը համապատասխան։ Այդ փոփոխության համար, ըստ նրա, բերվել են կենցաղային հարթության պատճառաբանություններ, որոնք ուղղակի հարիր չեն սահմանադրական փոփոխություններին։
«Եթե քաղաքական ուժը խոսում է Սահմանադրության փոփոխությունների խիստ անհրաժեշտության մասին, բայց միաժամանակ դա կատարում է զուտ ՍԴ կազմը փոփոխելու համար, այն էլ շրջանցելով Սահմանադրությունը, ուղղակի հասկանալի է դառնում, որ Սահմանադրությունը բարելավելու, արմատապես վերանայելու քաղաքական պատրաստակամությունը, մեղմ ասած, բացակայում է»,–ընդգծեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Դանիելյանը նշեց` Սահմանադրության մի քանի տասնյակի հասնող հոդվածներ կարելի է մատնանշել, որ չեն կատարվում, թեպետ բարձր ամբիոններից մշտապես հնչեցվում են, որ ժողովրդավարության կանոններին խիստ համապատասխան Սահմանադրության դրույթներն իրացվում են։
Սակայն այս ամենն էլ, նրա կարծիքով, խորքային պատճառներ ունի, որը հասնում է մինչև 1995 թվականը, երբ ընդունվեց Սահմանադրությունը։ Այն թեպետ բեկումնային էր ՀՀ-ի համար և դրեց Հայաստանի պետականության հիմքերը, սակայն հենց այն ժամանակներից էլ իշխանությունը պահելու համար արվեցին քայլեր, որոնք խոցելի դարձրին մայր օրենքը։
Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ սահմանադրական փոփոխությունների նախագծի հայեցակարգ ունենալու և կառավարման համակարգի մոդելի փոփոխությանը, Դանիելյանը նշեց, որ ՀՀ–ում թյուր կարծիք կա, թե կառավարման ձևի փոփոխությունը հրաշքներ է լուծելու։
«Մենք բոլոր ձևերն արդեն փորձարկել ենք` և՛ խորհրդարանական, և՛ նախագահական, և՛ կիսանախագահական, իսկ ժամանակը չէ՞ հասկանալու, որ ձևը չի լուծում բովանդակությունը։ Բոլոր այդ ձևերը հաջողություն գրանցել են այլ երկրներում, բայց մեր երկրում, չգիտես ինչու, գրանցում են միայն անհաջողություններ, և մենք թիրախավորում ենք Սահմանադրությունը, Սահմանադրության տեքստի հեղինակներին` մոռանալով, որ դա չէ խնդիրը։ Այսօր մենք ըստ Սահմանադրության չունենք գերկենտրոնացված իշխանություն, բայց դե ֆակտո ունենք դա։ Հետևաբար, եթե մենք դա փոխենք նախագահականի, մենք կունենանք մեկ այլ տիպի կենտրոնացված իշխանություն»,–նշեց փորձագետը։
Նա հավելեց` ցանկացած կառավարման ձև էլ իշխանություններին ձեռնտու է, եթե իշխանությունները պատրաստ չեն հետևելու Սահմանադրությանը։
Ուստի, եթե իրոք կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, Դանիելյանի կարծիքով, նախ պետք է հստակ և պարզ ասվի` ինչ խնդիրներ են տեսնում, և ինչպես են դրանք փորձում լուծել սահմանադրական փոփոխություններով։

«Միշտ էլ Սահմանադրությունը փոփոխելու ցանկություն ունեցողներ կգտնվեն, բայց Սահմանադրությունը չի կարելի այդպիսի արագությամբ փոփոխության ենթարկել»,–ամփոփեց խոսքը արդարադատության նախկին նախարարը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր Սահմանադրություն ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։