Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով. քննարկվել է ԼՂ–ի շուրջ իրավիճակը

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտին
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով և քննարկել Լեռնային Ղարաբաղի թեման։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովմանը վերաբերող հարցեր։Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը։

Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։