Մարդն է հանում օձերին բներից. փորձագետը՝ սողունների ակտիվացման մասին

Գյուրձա օձ
Վերջին շրջանում ՆԳՆ փրկարար ծառայությունը օրական բազմաթիվ ահազանգ է ստանում օձերի հայտնաբերման մասին։ Բացի եղանակից, սողունների ակտիվացման ի՞նչ պատճառներ կան և ի՞նչ անել օձ տեսնելիս. Sputnik Արմենիան հետաքրքրվեց Լևոն Աղասյանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Օձերի ու մարդկանց հաճախ իրար հանդիպելը պայմանավորված է մարդու կողմից սողունների բնական էկոհամակարգերի իրացմամբ` քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, շենք–շինությունների կառուցում։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Լևոն Աղասյանը` անդրադառնալով տարվա այս շրջանում սողունների ակտիվությանը։
Փորձագետը ընդգծեց, որ թե օձերն են շատացել, այլ մարդկանց հետ հանդիպման հաճախականությունն է ավելացել։
«Շատերը ասում են, թե օձերը շատացել են։ Դա թյուր կարծիք է։ Ընդամենը բոլոր այն բնական էկոհամակարգերը, որոնք միշտ եղել օձերի ապրելավայրերը, մարդու գործունեություն հետևանքով յուրացվում են, որի պատճառով այդ սողունները դուրս են գալիս իրենց բնական ապրելավայրերից։ Եվ բնական է, որ մարդկանց հետ հանդիպման հավանականությունը ավելի մեծանում է»,–բացատրեց Աղասյանը։
Կոնկրետ Երևանում, նրա գնահատմամբ, ակտիվ կառուցապատման աշխատանքներն են նպաստում։ Օրինակ, Հրազդանի կիրճը և Երևանի շրջակայքը, որտեղ շինարարություն է ընթանում, միշտ եղել են սողունների բնական էկոհամակարգերը։
Նա հավելեց, որ օձերի ակտիվությունը սկսվում է մարտ–ապրիլ ամիսներից մինչև սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսները։ Այդ շրջանում օձերին նկատելիս մարդու ամենաառաջին գործողությունը պետք է լինի սողունին չանհանգստացնելը։
Գյուրզա, սահնօձ, շահմար, իժ. օձերն ակտիվացել են Հայաստանի տարբեր բնակավայրերում
«Շատ կարևոր է հիշել, որ օձերը երբեք նախահարձակ չեն լինում։ Եվ իրենք են առաջին հերթին մարդկանցից խույս տալիս։ Եթե կծում են՝ միայն ինքնապաշտպանական նպատակով։ Հետևաբար` պետք է զգույշ լինել, ոտք չդնել օձի վրա, քայլելուց ոտքի տակ ուշադիր լինել, չփորձել բռնել։ Իսկ եթե հանկարծ այնպես է ստացվել, որ օձը կծել է, պետք է առաջին հերթին իմանալ, թե ինչ չի կարելի անել։ Չի կարելի կտրվածքներ անել, այրել վերքը, «ժգուտ» դնել։ Արագ շարժումները կամ վազելը ևս հակացուցված է»,–նշեց ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի տնօրենը։
Օձի խայթելուց հետո մարդը պետք է հանգիստ դիրք ընդունի, անմիջապես նույն պահին որքանով կարողանա՝ հանի թույնը, շատ հեղուկ օգտագործի և հասնի մոտակա բուժհաստատություն, որտեղ հակաթույն կներարկեն։
Ինչ վերաբերում է հակաթույնին. Աղասյանը նշեց, որ շատ կարևոր է, որ բուժհաստատություններում հասկանան՝ արդյոք թունավոր օձ է կծել մարդուն, թե ոչ, քանի որ երբեմն նույն սիմպտոմներն են ի հայտ գալիս, իսկ ոչ թունավոր օձի խայթելու դեպքում հակաթույն ներարկելը կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ, ընդհուպ՝ մահ։
Լևոն Աղասյանը վերջում հիշեցրեց, որ ՀՀ–ում կան 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր է միայն չորս տեսակը։ Երևանի շրջակայքում միակ թունավոր օձը դա անդրկովկասյան գյուրզան է, որը կա Երևանի ամբողջ շրջակայքում, և որի թույնը կյանքի համար վտանգ է ներկայացնում։