ԿԽՄԿ–ն Արցախից ևս 15 բուժառուի է տեղափոխել Հայաստան

Կարմիր խաչի ավտոմեքենա
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուի և նրանց ուղեկցողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուի (ուղեկցողների հետ), որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,– ասված է հաղորդագրությունում։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։