ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Սահմանադրությանը օրը ՀՀ-ի համար կարևորագույն տոներից մեկն է։ Այն խորհրդանշում է ժողովրդի միասնության և ընդհանրական կամքի հաղթանակը։ Սահմանադրության օրվա կապակցության իր շնորհավորական ուղերձում է ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։
«1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասելով անկախությանը ցույց տվեց իր հավատարմությունն ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ երկիր ունենալու նվիրական երազանքին։ 1995 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը»,–ասված է ուղերձում։
Խաչատուրյանը ընդգծել է, որ պատահական չէ, որ այսօր նշվում է նաև պետական խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի և պետական օրհներգի օրը, որովհետև այս շարքում Սահմանադրությունն ամբողջացնում է անկախ պետականության բովանդակությունը։
Իսկ Սահմանադրության էությունն ու ոգին, նախագահի բնորոշմամբ, երկու բարձրագույն արժեքներն են՝ պետությունը և մարդը։
«Սահմանադրությունը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների գլխավոր երաշխավորն է և միաժամանակ յուրաքանչյուրիս անհատական պարտքի գիտակցման պահանջատերը»,–ասել է նախագահը։
Խաչատուրյանը նաև նշել է, որ պետականության և ազատության գաղափարների համադրությունն ու հավասարակշռությունն է այն հենսայունը, որի վրա կերտվում են պետականության օրինակարգությունը, քաղաքացիական ազատությունները, սահմանադրական կարգը, որտեղից սկիզբ է առնում պետության զարգացման ներուժը։
Ամփոփելով` նախագահը մաղթել է խաղաղություն ու ամրություն ՀՀ պետականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է Սահմանադրության օրը, որն ընդունվել է 1995 թվականին։ Երկրի հիմնական օրենքի նախագիծը ներկայացվել էր համաժողովրդական հանրաքվեի, որի արդյունքներն ընդդիմությունը կեղծված համարեց։ Անկախ այդ ամենից, օրենքն ընդունվեց, և դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր։
Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր Սահմանադրություն ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։