ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանություններին ռոմանտիկ բալլադների են արժանացնում, միևնույն ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվում են ապօրինի հետապնդումների գործող իշխանությունների կողմից բացառապես իրենց քաղաքական գործունեության համար։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` «Նուբարաշեն» ՔԿՀ–ից Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստին Քվինին հղված բաց նամակում։ Աշոտյանն արձագանքել է դեսպանի` Հանրային հեռուստաընկերության եթերում օրերս հնչեցրած մի շարք մտքերի, մասնավորապես` Արցախյան հակամարտությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող։
«Դուք իրավացիորեն պնդում եք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այդ դեպքում բանակցություններում ինչո՞ւ եք ելնում բացառապես այն իրավիճակից, որն առաջացել է մեր տարածաշրջանում 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված, միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սկզբունքները կրնկակոխող արյունալի պատերազմի հետևանքով»,– հռետորական հարց է հնչեցնում Աշոտյանը։
Քաղաքական գործիչն ընդգծում է, որ ամբողջ Արևմուտքը պնդում է` Ուկրաինայում չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր, որը լինելու է պարտադրված և ուժի սպառնալիքի ներքո: Սակայն նույն մոտեցումը չի որդեգրվել հայ-ադրբեջանական հակամարտության համար։ ԱՄՆ–ն ոչ միայն չի բացառում նման «գիշատչային ոճով պարտադրանքի մարմնավորումը թղթի վրա», այլև ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում:
Ուկրաինայի դեպքում տարատեսակ սանկցիաներ են գործի դրվում, Ադրբեջանի դեմ ոչ միայն որևէ պատժամիջոց չի կիրառվում, այլև տնտեսական շահի վրա խարսխված համագործակցությունն ընդլայնվում է։
«Դուք վստահություն եք հայտնում, որ Ադրբեջանը կարող է երաշխավորել և իրագործել «ԼՂ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը»: Մի մեծ խնդրանք ունեմ Ձեզ. ԱՄՆ դիվանագիտական արխիվներից առ այսօր կարո՞ղ եք գտնել գեթ մեկ, կրկնում եմ, գեթ մեկ փաստաթուղթ, զեկույց, գնահատական, որով ԱՄՆ-ը արձանագրում է, որ Ադրբեջանում երաշխավորված են և անխոչընդոտ իրագործվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ հենց իրենց քաղաքացիների համար»,– նշում է Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահն ընդգծում է, որ ԱՄՆ–ն` որպես ժողովրդավարության գլոբալ առաջամարտիկ և առաջնորդ, ջանքեր չի գործադրում «տարածաշրջանի ժողովրդավարության պայծառ կետ» Հայաստանը կոռումպացված, ավտորիտար ագրեսորից պատշաճ և լիարժեք պաշտպանելու համար:
Աշոտյանը նաև շեշտում է, որ դեսպանը չի կարող այս բոլոր հարցադրումներին ի պատասխան արդարանալ, թե ԱՄՆ մոտեցումները ձևավորվում են, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի գնահատականների և մոտեցումների հիման վրա, քանի որ ինքն էլ հրապարակավ և աներեր աջակցում է Փաշինյանին իր կործանարար քաղաքականությունն իրագործելու հարցում։
Հիշեցնենք` ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստին Քվինը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ հնարավոր է համարում Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը։
«Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է։ Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը»,– ասել էր Քվինը։
Հարցին` արդյոք հնարավոր է Ստեփանակերտ–Բաքու երկխոսություն կազմակերպել, Քվինը շեշտել էր` ԱՄՆ–ն համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է։