ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությունները, թե նա հրավերներ է ուղարկել մի շարք զինվորականների։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հայտնել ենք, որ 2023–ի մարտի 23–ին Քոչարյանը Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ ԱԺ։ Այդ անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Տիրան Խաչատրյանը օրաթերթին հայտնել է, որ իրեն այս ընթացքում զանգահարել է Անդրանիկ Քոչարյանի քարտուղարը, հարցրել բնակության հասցեն, որպեսզի քննիչ հանձնաժողով գնալու հրավեր-նամակ ուղարկեն, սակայն ինքն այդպես էլ հրավեր չի ստացել։
«Ես ունեմ մի բնակարան, մեկ հասցե, որտեղ գրանցված եմ և ապրում եմ, ինձ երբևէ որևէ կառույցի կողմից նամակ չի եկել, ինձ հրավեր չի եկել»,– նշել է Խաչատրյանը:
Նա ընդգծել է, որ եթե հրավերը հասնի էլ, միևնույնն է, չի գնալու:
Պարբերականը փորձել է զրուցել նաև Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն վերջինս շեշտել է, որ ինքը հեռախոսով հարցազրույց չի տալու և անջատել է հեռախոսը։
Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։