ՀՀ ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի տիկնոջ հիմնադրամի հետ

Աշխարհի շուրջ 1 միլիոն կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կհամագործակցի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի տիկնոջ` Շերի Բլերի հիմնադրամի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Շերի Բլերի հետ, որը ղեկավարում է Կանանց հիմնադրամը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, գենդերային քաղաքականության, կանանց տնտեսական զորեղացման ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայություններին առնչվող մի շարք հարցեր։
Շերի Բլերն անդրադարձել է իր ղեկավարած հիմնադրամի գործունեությանը, որի շնորհիվ 2008 թվականից սկսած աշխարհի հարյուրից ավելի երկրում ձեռներեցությամբ է զբաղվել շուրջ 230000 կին։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը ևս մեկ քարոզարշավի իրականացում՝ ներգրավվելով շուրջ մեկ միլիոն կանանց։
Մկրտչյանը պատրաստակամություն է հայտնել միանալ այդ նախաձեռնությանը և Հայաստանում ևս իրագործել այդ ծրագիրը։
Երկուստեք շեշտվել է համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացման կարևորությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության հուշագիր։
Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կաջակցի սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների հարցում