ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Իրանը կողմ է Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը շարունակելուն, հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասում, բայց դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։
Այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է APA –ն։
Աբդոլլահիանը, մասնավորապես, նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է շարունակվեն եռակողմ հայտարարությունների շրջանակներում։ Նա հավելել է, որ Իրանը աջակցում է Հարավային Կովկասում կապի և տրանսպորտային ճանապարհների բացմանը։
«Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի: Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տարանցիկ կենտրոնը: Իրանը աջակցում է համագործակցությունը այդ նպատակի և ներուժի իրացման համար»,- ասել է արտգործնախարարը:
Նա նաև հիշեցրել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։