ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է խորհրդարանականներից բաղկացած միջկուսակցական խումբ ձևավորել, որպեսզի նրանք դիտարկեն զանգվածային անկարգությունների դեպքում թվային հարթակների համար լրացուցիչ սահմանափակումների սահմանումը։ Այս հայտարարությունն արել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ուզում ենք, որ միջկուսակցական աշխատանքային խումբը, որի կազմում կընդգրկվեն երկու պալատների բոլոր քաղաքական հոսքերի խորհրդարանականները, համատեղ, ելնելով տեղի ունեցած իրադարձություններից, քննարկի մի քանի շաբաթ առաջ նախարարների խորհրդում ներկայացված օրինագծի փոփոխությունները, որոնք վերաբերում են կիբեռանվտանգությանն ու թվային գործիքների օգտագործմանը»,-ասել է նա լրագրողներին։
«Խոսքը կարող է վերաբերել անկարգությունների ժամանակ առանձին ֆունկցիաների անջատմանը, օրինակ՝ տեղորոշման փոխանցմանը, որը երիտասարդներին թույլ է տալիս հավաքվել որոշակի վայրում՝ ցույց տալով տեղերը և թե ինչպես հրկիզում կատարել»,-նշել է Վերանը։
Նա հիշեցրել է, որ կառավարությունը թվային հարթակներին կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետում հեռացնել այն հրապարակումները, որոնք կարող են հանգեցնել բռնության հրահրման, և հանցագործություններ կատարելու դեպքում օգտատերերին զրկել անանունությունից:
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ սպանել են17-ամյա դեռահասի, որը, ըստ ուժայինների տեղեկությունների, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ ՆԳՆ-ի տվյալներով` ամբողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3,8 հազար ավտոմեքենա, ինչպես նաև ոստիկանության և իշխանության մարմինների շենքեր: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` թալանվել է բանկերի շուրջ 250 մասնաճյուղ, 200 մթերային խանութ և մոտ 10 առևտրի կենտրոն։