Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը։ Տոնի առիթով Ազատության հրապարակից մեկնարկեց արդեն ավանդական դարձած քայլերթը, որի «գլխավոր հերոսը» հայոց եռագույնն էր։ Քայլերթին մասնակցում էին հարյուրավոր մեծեր ու փոքրեր` եռագույն շապիկներով, եռագույն դրոշները ձեռքներին։ Կարմիր, կապույտ, ծիրանագույնով ողողվեցին Երևանի կենտրոնական փողոցները։ Քայլերթի մասնակիցներից առաջ թմբկահարներն էին քայլում` ազդարարելով տոնի մասին։ Այնուհետև զինվորական համազգեստով պատանիները տանում էին հայոց զինանշանը։
Իրար էին միախառնվել քայլերթի մասնակիցների ուրախ վանկարկումները, թմբուկների խրոխտ հնչյուններն ու երկնքում սավառնող ուղղաթիռի ձայնը, որը ևս հայկական եռագույնն էր ծածանում քաղաքի վերևում։ Շքերթին զարմանքով ու լայն ժպիտով հետևում, լուսանկարում էիննաև այս օրերին մեր քաղաքում գտնվող օտարերկրյա հյուրերը։
Եռագույնի քայլերթը եզրափակվեց Հանրապետության հրապարակում տոնական համերգով։